
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի մշակմանը։
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը։ Վարչապետի խոսքով՝ 2016 թվականին տրամադրվել է 2404 շինթույլտվություն, իսկ 2017-ին մարզերում և Երևանում տրամադրվել է 3407 թույլտվություն, ինչը 1003-ով ավելի է։
«Չնայած նշված դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը, խոչընդոտ է մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից», - ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին։ Միաժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեում նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմ։
«Կարծում եմ, նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի, պարոն Լոքյան»,- նշեց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի, համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



