
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող 15 միլիարդ 968 միլիոն դրամ ընդհանուր գումարի գծով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 134 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորվել է 15 միլիարդ 475 միլիոն դրամը, իսկ հիմնավորված չի համարվել 492 միլիոն 707 հազար դրամի չափով գումար:
Ըստ ՊԵԿ-ի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի` 2018 թվականի երեք ամիսների ընթացքում ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 52 հայտերից՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով բավարարվել է 32-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 158 միլիոն 869 հազար դրամ: Իսկ չափանիշներին չբավարարած 20 հայտի մասով սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 17 միլիարդ 671 միլիոն դրամ, որի մեջ ընդգրկված են նաև 31.12.2017թ. դրությամբ ուսումնասիրված, սակայն չհաշվանցված և (կամ) չվերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները: Իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 13 միլիարդ 286 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2018-ի առաջին եռամսյակում վերադարձվել է 33 տոկոսով ավել գումար: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով ապրիլի մեկի դրությամբ ընթացքում էր 70 ուսումնասիրություն՝ հարկ վճարողների կողմից պահանջված 8 միլիարդ 703 միլիոն դրամ գումարի գծով:
Աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 885 միլիոն 679 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (501.003,2 հազար դրամ) գերազանցել է 384 միլիոն 676 հազար դրամով կամ 76,8%-ով: Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց : Ներգրավված անձանց թիվն աճել է 65 տոկոսով :
Օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ Tax free հաշիվներով 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում վերադարձվել է ավելացված արժեքի հարկի 232 միլիոն 159 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (86.020,1 հազար դրամ) գերազանցել է 146 միլիոն 139 հազար դրամով կամ 169.9 տոկոսով: Սակայն այս տարվա մարտի համեմատ, ապրիլին արդեն իսկ արձանագրվել է Tax free հաշիվներով վերադարձված գումարի չափի էական նվազում: Այսպես, եթե 2018 թվականի մարտ ամսին օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվել է 144 միլիոն 346 հազար դրամ, ապա ապրիլին՝ ընդամենը 11 միլիոն 384 հազար դրամ: Tax free հաշիվներով վերադարձված գումարների նվազումը հիմնականում պայմանավորված է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աննախադեպ կրճատմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



