ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն հուշագրեր են ստորագրել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
«Ծրագիրը բաց է թե ֆինանսական կառույցների, թե մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով:
«Շահառուի կողմից կվճարվի 20 տոկոս կանխավճար: Նաև ֆինանսական կազմակերպությունների հաշվին կիրականացվի լիզինգի առարկայի ապահովագրություն»,-նշել է Հրաչ Դարբինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


