ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:
Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017-ի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:
Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


