«Կարաս» ազգային սննդի ցանցի սեփականատերերը զրպարտություն են համարում ընկերության մասին համացանցում ասեկոսեները և նշում, որ այսուհետև հետամուտ են լինելու ընկերության բարի համբավը վարկաբեկողներին իրավական պատասխանատվության կանչելու հարցում:
«Կարաս» ազգային սննդի ցանցի համասեփականտեր Տիգրան Յուզբաշյանը տեսահարցազրույցում հայտնել է, որ 3 ամիս առաջ «Կարաս»-ը հայ համայնքի կողմից բոյկոտվեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում այն հայտարարությունների հիման վրա, թե «Կարաս» ազգային սննդի ցանցը պատկանում է ՀՀ նախկին նախագահի ընտանիքի անդամներին: Իսկ այժմ նորից նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանին է պատկանում:
«Ես անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Սարգսյանին: Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է թեկուզ թերի ապացույցներ ներկայացնի, որ «Կարաս»-ի փայատերը Ալեքսանդր Սարգսյանն է, մենք պատրաստ ենք այդ մասը տալ Ալեքսանդր Սարգսյանին, իսկ մյուս մասը տալ հենց ապացուցողին»,- նշեց Տիգրան Յուզբաշյանը:
Նրա խոսքով՝ ընկերության աշխատանքի թափանցիկության մասին է վկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությունը:
««Կարաս»-ը 1.5-2 տարի աշխատեց ՎԶԵԲ-ի հետ, ու վերջերս մենք նորից կնքեցինք արդեն 5 տարվա պայմանագիր: Անհնար է, որ ՎԶԵԲ-ը որևէ «սև» կամ «մութ» բիզնեսի հետ կնքի նմանատիպ պայմանագիր»,- շեշտեց Տիգրան Յուզբաշյանը՝ հավելելով, որ ընկերությունը այլևս չի հանդուրժելու իր հասցեին հնչող զրպարտությունները, փոխանցում է Արմենպրեսը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


